ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Լույս իջնի քո երկնային ճանապարհներին, սիրելի ԱԼԻՍԱ

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Լույս իջնի քո երկնային ճանապարհներին, սիրելի ԱԼԻՍԱ
25.05.2014 | 12:21

1988-ին Ալիսա Կիրսակոսյանը եկավ Հայաստան:

Իմ ընկեր Յուրա Ջիլավյանը, նկարահանող խումբն ու ես վախեցանք նրա ցուցակից, թե Երևանում ուր է ուզում լինել, ում այցելել` Ազատության հրապարակի միտինգավորներին, Ծիծեռնակաբերդ, Մեսրոպ Մաշտոցին՝ Մատենադարանի մուտքին, զոհված ազատամարտիկների շիրիմներին, Էջմիածնի Մայրավանք և այն քանդակագործի արվեստանոց, ուր իր կիսանդրին պիտի քանդակվի... Բայց դե Ալիսան էր, ու մենք հլու հնազանդ հետևեցինք նրան:
Վանեցի ծնողների զավակ Ալիսան ծնվել ու մեծացել էր Արգենտինայում, իսպաներենի իմացություն ստացել դպրոցում, հրատարակել իր բանաստեղծությունների առաջին փոքրիկ ժողովածուները, որոնցով համաընդհանուր ճանաչումի էր արժանացել երկրի հայտնի բանաստեղծների շարքում: Իսպաներեն թարգմանությամբ լույս տեսած նրա ժողովածուներից մեկը ձևավորել է Պիկասոն:
Օրհնյալ լինի Վահագն Դավթյանը, ով փառահեղ թարգմանություններ էր արել, ու մենք արգենտինահայ, բայց իսպաներեն գրող Ալիսա բանաստեղծուհուն մայրենի լեզվով կարդացինք, ճանաչեցինք ու սիրեցինք: Իրավ է ասված՝ եթե թարգմանիչը բանաստեղծ է, ուրեմն թարգմանությունը բնագրին այնքան հարազատ է, որ քեզ թվում է, թե դու հենց բնագիրն ես կարդում: Այդպիսին էր Վահագն Դավթյանի թարգմանական շարքը, որ ես դեռ ուսանողական տարիներին էի կարդացել «Գրական թերթում» և, Դավթյանի խոստումին ականջալուր, սպասում էի (էինք) հաջորդ շարքին: Այդ հաջորդն էլ չուշացավ, և նույն «Գրական թերթում» (1967թ.) տպագրվեց հաջորդ շարքը: Հետո պիտի Ռոբերտ Ամիրխանյանը գերվեր Դավթյանի թարգմանություններով, և կոմպոզիտորի երգաշարով մենք ավելի պիտի սիրեինք Ալիսային:
Այդ տարի Ալիսան եկել էր նաև բարեգործական նպատակներով. Սպիտակում երկկողմանի որբացած երկու երեխայի անուն տվեց`
Սպարտակ Այվազյան` 10 տարեկան, և Քրիստին Մարտիրոսյան` 9 տարեկան: «Սա իմ և աղջկանս` Լառայի ցանկությունն է` հինգ տարվա ընթացքին օգնենք այս երեխաներուն»:
...Բանաստեղծուհու վախճանի լուրը լսելով, ես քրքրեցի իմ տեսաարխիվը, ուր Ալիսային նվիրված ֆիլմ է` հիմա արդեն սոսկ հիշողություն ու նվիրական մի մասունք:
Խորին ցավակցություն Ալիսայի դստերը` Լառային ու Ալիսայի պոեզիայի բոլոր երկրպագուներին:
Լույս իջնի քո երկնային ճամփեքին, Ալիսա: Քնարերգությանդ շնչով այնքա՜ն երիտասարդներ են իրենց ջահել օրերի մեջ ապրել քո դավանած սիրո մեղմությունն ու սիրո հավատարմությունը:

Դիտվել է՝ 3272

Մեկնաբանություններ